Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երևանի քաղաքապետարանի «ցեխային անտարբերությունը»

Երևանի քաղաքապետարանի «ցեխային անտարբերությունը»
28.11.2014 | 00:04

Իսկապես զարմանալի և անհասկանալի համառություն է դրսևորում Երևանի քաղաքապետարանը կենսական կարևորության առանձին խնդիրներ լուծելու դեպքում։ Ընդ որում, խնդիրները միանգամայն լուծելի են, դրանց անտեսումը, բնականաբար, հեռուն գնացող ենթադրությունների տեղիք է տալիս։ Ահա վերջերս հրապարակված մի արտառոց խնդրի անտեսումն էլ դարձավ այս հրապարակման առիթը։ Երևանի Սարի թաղի թիվ 26 փողոցում ամռանը շինարարական աշխատանքներ են կատարվել, շինարարները հանգիստ խղճով հեռացել են` «մոռանալով» իրենց իսկ քանդած փողոցի ծածկը վերականգնելու մասին։ Եվ Սարի թաղի թիվ 26 փողոցը դարձել է անանցանելի, ամբողջովին պատվել է թանձր ցեխի հոծ շերտով և անցորդներին ցեխապատում է ոտից գլուխ։ Միևնույն բախտին են արժանանում ավտոմեքենաները, առհասարակ շարժական ամեն բան։ Մեր հրապարակման մեջ տպագրված էր փողոցի զարզանդելի պատկերը արտացոլող ավելի քան համոզիչ լուսանկարը, համոզիչ քիչ թե շատ բանական և բարոյական յուրաքանչյուր էակի, սակայն ոչ ամենևին այն պնդաճակատ համառությամբ շրջանցող պատկան կառույցների համար։ Կարծում եմ, որ այս պարագայում տարակարծելի ոչինչ չկա, քաղաքապետարանը պարտավոր է անհապաղ անդրադառնալ վերոնշյալ խնդրին։ Եթե շինաշխատանքներն իրականացրած Երևանի «Ջրմուղկոյուղի» ընկերության թերացումն է սա, ապա քաղաքապետարանը պիտի ստիպի, որ վերջինս շուտափույթ վերացնի աղտեղությունը, եթե ինքն է պատասխանատու, ապա թող որ թևքերը քշտած անցնի գործի։ Ցավոք, մայրաքաղաքի իշխանությունները ¥որոնց դրական գործերին անդրադարձել եմ շատ ավելի մեծ բավականությամբ, քան անհեթեթ բացթողումներին եմ անդրադառնում¤ թևքերը քշտում են գովազդային վահանակների վրա իրենց շքերթը հանրահռչակելիս, Երևանի ամենաբանուկ հատվածներում քաղաքապետարանի հաղթական երթն է, Էրեբունի-Երևան տոնակատարության շրջանակներում քաղաքապետարանի ներկայացուցիչները մետաքսափայլ ժապավեններով շուրջկալված թնդացնում են մայրաքաղաքի փողոցները, նրանց էլ խինդով լեցուն ողջունում են մայրաքաղաքացիները։ Կարելի է կարծել, որ քաղաքային իշխանությունները դարակազմիկ մեծագործությունից հետո երջանիկ և ցնծուն հայրենի քաղաք են վերադառնում, իսկ թե ինչու նրանց պատվին մի նոր «Հաղթանակի» կամար չի կառուցվում, զարմացնում է և՛ ինձ, և՛ Սարի թաղի 26 փողոցի տարաբախտ բնակիչներին։ Գուցե, իսկապես, «Հաղթանակի» կամարի նախագծման և կառուցման աննախադեպ մի մրցույթ հայտարարվի, դրանք կառուցվեն Երևան մտնող բոլոր մայրուղիների վրա և քանդակազարդվեն քաղաքային իշխանությունների դղրդուն մեծագործությունների դրվագներով։ Զորօրինակ, բարվոք վիճակում գտնվող երևանյան փողոցների ¥օրինակ, Զաքյան¤ բազմակի, անտեղի և անհեթեթ ասֆալտապատմամբ, Երևանի բազմաթիվ բակերի բռնազավթմամբ, կանաչապատ տարածքների թլպատմամբ և այլն, և այլն։
Մի խոսքով, քաղաքապետարանի այս «մարդակենտրոն համառությունը» է՛լ ավելի է բորբոքում առանց այդ էլ հոգիները բերանները հասած շարքային քաղաքացիների նյարդերը։ Եվ մղում է նրանց դեպի հանրահավաքներ։
Ի դեպ, շատ տեղին կլինի, եթե քաղաքային իշխանությունները նույն հոգեզմայլ ժպիտներով և տոնական հանդերձներով պճնված փորձեն հաղթահարել Երևանի Սարի թաղի թիվ 26 փողոցի ցեխակույտերը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Երևանի քաղաքապետարանի անզուսպ գովազդումը հսկա վահանակների վրա անձի պաշտամունքի նորհայկական դրսևորույթ է, ինչը պիտի կանխվի։ Կամ էլ շքերթն ընդհատելով` վահանակների վրա ներկայացվեն քաղաքապետարանի հուռռա՜ չարածները։ Դրանց թվում` նաև վերոնշյալ ցեխապատ փողոցը։

Դիտվել է՝ 1141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ